ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Քաղաք, սա քո անձրևը չէ»

«Քաղաք, սա քո անձրևը չէ»
11.04.2025 | 11:44

Քաղաքը թրջվել է մինչև ոսկորները: Իսկ թաց քաղաքը զգացական է ու խոցելի։ Կամուրջները փխրուն են, փողոցները՝ մածուցիկ, մայթերը՝ բեկվող, անցորդները՝ ամպամած, ջրհորդանների երգն ունկնդիր չունի: Ջրափոսերի մեջ արտացոլվողը տամկությունն է, ու անձրևից լվացված տարածության մեջ դատարկված տեղերն ավելի տեսանելի են դարձել։ Ամեն ձայն կարծես սոսկ արձագանքն է մեկ այլ ձայնի։

Երբ երկնքից ջրի անհամար կաթիլներ են թափվում, մարդիկ դառնում են մոռացկոտ: Նրանք դադարում են լսել ու հիշել այն, ինչը երեկ կարևոր էր: Հավանաբար պատճառն այն է, որ տեղատարափը նրանց սրտերում արթնացնում է զգայություններ լվացվող, վաղանցուկ ապրումների մասին, և այդ հույզերից ծնված տագնապի հետ նրանք դառնում են հերմետիկ, անջրաթափանց, անլուսաթափանց մի տարածք ու բնակվում են այնտեղ` իրենց ներսում, անտրտունջ հոժարությամբ: Եվ չկա մեկը, որ ասի. «Քաղաք, սա քո անձրևը չէ…»:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 8706

Մեկնաբանություններ